38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծ Թուրանի ծրագիրն ու աշխարհաքաղաքականությունը

Մեծ Թուրանի ծրագիրն ու աշխարհաքաղաքականությունը
25.04.2024 | 13:57

Այն կրիտիկական վիճակը, որում գտնվում ենք մենք, վերջապես մեզ պետք է ստիպի դադարել մեզ հետ կատարվող ամեն ինչին մոտենալ մակերեսային, գավառական մոտեցումներով։

Վաղուց ժամանակն է հասկանալ, որ մեր իրական վիճակը հասկանալու, ապագան կանխատեսելու ու այն գոնե մասնակիորեն կառավարելու համար անհրաժեշտ կրիտիկական ինֆորմացիայի սկզբունքային անհասանելիությունը ինչ-որ չափով կոմպենսացնել սիտեմային անալիզի հզոր մեթոդներով՝ օգտագործելով մեզ հասանելի գոյաբանական ինֆորմացիան։

Գաղտնիք չէ, որ հենց այդ նույն սիստեմային անալիզի մեթոդներն են ընկած հզոր անալիտիկ կենտրոնների աշխատանքի հիմքում, այսինքն, գիտելիքի դաշտում մենք ունենք հզորների հնարավորություններին մոտ հնարավորություններ, որոնք թույլ կտան գիտության ուժով տեսնել դժվար տեսանելին կամ էլ անտեսանելին։

Ներկա վիճակում, երբ աշխարհքաղաքական ուժային անալիզի հիման վրա ռուս-թուրքական հարաբերությունները հանգել են, թեկուզ ժամանակավոր, ինչ-որ կոմպրոմիսային լուծումների, որոնց կյանքի կոչվելուն լծված են նաև մեր իշխանությունները, անհասկանալի է մնում թուրքերի անկոմպրոմիս և կենդանական մակարդակի ատելությամբ լի վերաբերմունքը մեր նկատմամբ։

Սովորական մարդկային տրամաբանությունն ասում է, որ նման պայմաններում թուրքերը պետք սկսեին մեզ սիրաշահել, իբր՝ մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի ու լավ կլինի և այլն։

Բայց նրանք մեր նկատմամբ բռնել են լրիվ հակառակ մոտեցումը, որն անհասկանալի է, բայց և որը նշանակում է նաև, որ նրանք շարունակում են նայել մեզ որպես պոտենցիալ մեծ աշխարհաքաղաքական ռիսկերի աղբյուրի։

Նաև թուրքերը այնքան միամիտ չեն, որ Արևմուտքի ներկայությունը Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում դիտեն իրենց շահերին հակառակ ինչ-որ բան, քանի որ նրանք շարունակում են մնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։

Այնուհանդերձ, թուրքերի պահվածքում զգացվում է մեծ մասշտաբի խուլ անհանգստություն իրենց ապագայի ստրատեգիական անվտանգության հետ կապված և, որն էլ, հավանաբար, նրանց մղում է այնպիսի քայլերի, որոնց իրականացումը մեծամասամբ վեր է իրենց ուժերից։

Վերցնենք թեկուզ բազմիցս չարչրկված և ամեն քայլափոխի հիշատակվող Մեծ Թուրանի ծրագիրը, որն առաջին հայացքից տրամաբանական է թվում, բայց այդ գաղափարի նույնիսկ մակերեսային աշխարհաքաղաքական սիստեմային անալիզն ասում է, որ նման ծրագիրն ունի իրականություն դառնալու աննշան հավանականություն։

Դրա համար բավական է տեսնել, թե ովքեր են այդ ծրագրի պոտենցիալ հակառակորդները, որպեսզի համոզվենք, որ Թուրքիան չունի անհրաժեշտ ռեսուրսներ նման ծրագրի իրականացման համար։

Եվ դեռ հարց է, թե Արևմուտքն ինչ վերաբերմունք ունի այդ ծրագրի նկատմամբ, և արդյո՞ք նույն Արևմուտքին ձեռնտու է Թուրքիայի մասշտաբային, այն էլ՝ ամբիցիոզ, ռեգիոնալ հզորությունը, թե՞ ավելի հարմար է շարունակել առաջ տանել քրդական հարցով պայմանավորված «բաժանիր, որ տիրես» ավանդական ու ամեն ինչով իր էֆեկտիվությունը բազմիցս ապացուցած սկզբունքը։

Եվ այստեղ արդեն սիստեմային անալիզն ասում է, որ նման տեսանկյունից հարցին մոտենալիս անխուսափելիորեն շրջանառության մեջ կմտնի նաև մեր պրոբլեմը։

Եվ նույն սիստեմային անալիզն ասում է նաև, որ վերջին հաշվով Ռուսաստանն իր ուժի ու անվերջանալի ռեսուրսների հաշվին լեզու կգտնի Արևմուտքի հետ, բայց այ հզոր Թուրքիայի և թուրքական աշխարհի հետ ռուսների լեզու գտնելը սկզբունքորեն անհնարին է, քանի որ նրանց վաթան-կենսատարածքը մեծամասամբ նույնն է։

Ժամանակին մեր գենոցիդի հիմնական պատճառը դարձավ այն, որ մեր Հայրենիքն ու Թուրքերի վաթանը նույն լեռնաշխարհն էր, մենք էլ թույլ ու անկազմակերպ էինք։

Այդ իսկ պատճառով էլ ռուսների ու թուրքերի սկզբունքային հակասությունը այլ լուծում չունի, քան արմատականը և հենց դրա համար էլ Արևմուտքի ու Ռուսաստանի կարծիքները կհամընկնեն Թուրքիայի մասնատման հարցում։

Հ․Գ․ Սիստեմային անալիզը, բարդ քանակական գիտություն լինելով հանդերձ, ունի շատ պարզ ու հասկանալի դրույթներ, որոնք կիրառելի են ու խիստ պիտանի են մարդու ցանկացած գործունեության անալիզի, կազմակերպման ու կառավարման համար։ Այս իմաստով սիստեմային գիտությունը, հանրամատչելի մատուցմամբ, պետք է բուհական կրթության և ինչ-որ տեղ էլ՝ դպրոցական կրթության մաս կազմի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ